Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»,- ասել է կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում ճանաչել Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին:
Կիևի իշխանություններն ու Ուկրաինայում ոչ կանոնական եկեղեցական մարմինը նպատակ ունեն մինչև տարեվերջ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից ավտոկեֆալիայի՝ անկախացման մասին հրամանագիր՝ տոմոս ստանալ, սակայն նման տոմոս կարող է ստանալ միայն «միացյալ» եկեղեցու ղեկավարը, ում պետք է ընտրեն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների միացյալ ժողովում, որը կարող է կայանալ նոյեմբերի 22-ին: Ընդ որում՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նման միջոցառման:
Կոստանդնուպոլսի կողմից Ուկրաինայի ոչ կանոնական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու որոշման պատճառով, ինչը Ռուս ուղղափառ եկեղեցին անվանել է պառակտում, Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ շփման դադարեցման մասին ՌՈՒԵ ոչ կանոնական տարածքում: