ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Aysor.am կայքի խմբագրություն և գրությամբ խնդրել են տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
 
Սակայն  Aysor.am-ը  ոստիկանությանը պատասխան նամակում գրել է, որ այդ նույն օրը Սիլվա Համբարձումյանը մամուլի ասուլիս է հրավիրվել «Հայացք» մամուլի ակումբում և հարցազրույց չի տվել Aysor.am կայքին: Ի դեպ՝ տվյալ ասուլիսը լուսաբանել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
 
ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե ինչու է 6-րդ վարչությունն այցելել հենց Aysor.am կայքի խմբագրություն, այն դեպքում, երբ մի շարք լրատվամիջոցներ են լուսաբանել Համբարձումյանի ասուլիսը, պատասխանեց. «Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են խմբագրություն, քանի որ Սիլվա Համբարձումյանի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի մասին տեսանյութը դիտել է Aysor.am լրատվական կայքում»:
 
Աշոտ Ահարոյանի խոսքով՝ փաստաբանն իրավապահներին դիմել է դատական գործի շրջանակներում: 
 
Նշենք, որ վերջերս գործարար Սիլվա Համբարձումյանն անընդհատ հայտնվում էր մամուլում և հանդես էր գալիս կոռուպցիոն համագործակցությունների վերաբերյալ բացահայտումներով: Մասնավորապես, նա հայտարարել է, որ ինքը 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Նաև անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործին՝ նշել է, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, սակայն որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել վերոնշյալ անձանց:
 
Ի դեպ՝ Համբարձումյանի հայտարարություններից շատ չանցած՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական հայց  ներկայացրեց:
 
Արմինե Միքայելյան