Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի այլընտրանքային միջոցների ստեղծման ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Դրամաշնորհն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Դիլիջան խոշորացված համայնքի վերոհիշյալ գյուղերի 250 բնակիչ։ Հաղթող է ճանաչվել 50 հայտ, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 1,5 մլն դրամի դրամաշնորհ։ Հաղթող ծրագրերը բազմաբնույթ են՝ բույսերի տնկարանների հիմնում, չրանոցների ստեղծում, դեղաբույսերի հավաք, վարսավիրանոցի բացում և այլն։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն հավաստագրեր է հանձնել հաղթողներին և բնակիչներին կոչ արել պահպանել տեղի հարուստ բնաշխարհը։ «Բնապահպանությունն առանձին լուծումներ չի ենթադրում, այն սերտորեն կապված է սոցիալ-տնտեսական բաղադրիչների հետ, այդ պատճառով սոցիալական ուղղվածության նմանատիպ ծրագրերի իրականացումը շատ կարևոր է։ Դուք պետք է եկամուտ ստանաք ձեզ շրջապատող անտառից, բայց ոչ թե ծառ կտրելով, այլ այն պահպանելով և այլընտրանքային օգտագործմամբ»,- հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատարը և հիշեցրել հայտնի խոսքերը՝ «Մենք բնությունը նվեր չենք ստացել ծնողներից ու պապերից՝ մենք այն պարտք ենք վերցրել մեր երեխաներից և պետք է վերադարձնել սերունդներին այնպես, ինչպես վերցրել ենք»։ Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հարմարվողականության հիմնադրամից ակնկալվում է ևս 1,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցների ներգրավում, որի մի մասը նույնպես կուղղվի «Դիլիջան» ազգային պարկի, իսկ մյուս մասը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից բնակավայրերի աջակցությանը։
Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը շնորհավորել է հաղթողներին և նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը կոգևորի համագյուղացիներին և հիմք կհանդիսանա նմանատիպ ծրագրերի շարունակական իրականացման համար։
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Աղաջանյանը շեշտել է, որ վերջին ամիսներին Ազգային պարկում ապօրինի հատումներ չեն արձանագրվել, ինչը հնարավոր է եղել պարկի հարակից բնակավայրերի բնակիչներին թափուկով լիարժեք ապահովելու և անտառի պահպանումն ուժեղացնելու միջոցով։
Մեկնարկած ծրագրի շրջանակներում, ի լրումն ֆինանսական աջակցության, գյուղացիներին տրամադրվելու է նաև կազմակերպական և տեխնիկական օժանդակություն՝ նորարար տեխնոլոգիաների և լավագույն փորձի ներակայացումների և դասընթացների տեսքով:
Հայտերի ուսումնասիրությունն ու գնահատումն իրականացրել է անկախ փորձագետներից կազմված հատուկ հանձնաժողովը: