«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հիմնադրամը նոր թափով շարունակելու է Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի հայտարարությունը. 

«Սիրելի հայրենակիցներ, 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:

Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում և վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում: 

Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը»: