Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի Քանդված կամրջի հարևանությամբ գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։ 

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։ 

 

 

 

Մանրամասները սկբնաղբյուր կայքում http://shamshyan.com