Այսօր կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դադարեցրել է շուրջ 10 օր տևած հացադուլը:
«Նախարարի պաշտոնակատարի այցի ժամանակ նախնական խոսակցությունից հետո` նախարարն ասել է, որ իրենք հասկացել են խնդիրը, և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետությունը, ազգային կինոկենտրոնը կշարունակեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց կինոռեժիսորի կինը` Մարինե Գալստյանը:
Կարդացեք նաև` «Կինո» կինոյի մասին․ գլխավոր դերում Մշակույթի նախարարությունն է
Ռեժիսորի կինը պատմեց, որ այսօր հրավիրված են եղել Մշակույթի նախարարություն, որտեղ քննարկում են ունեցել իրավաբանների, Ազգային կինոկենտրոնի տնօրենի, խորհրդականների հետ. «Լիլիթ Մակունցն էլ շեշետեց, որ ֆիլմի հայտի մերժումն ապօրինի է եղել, որովհետև կանոնակարգն ընդունվել է 2018 թվականին և օրենքը հետադարձ ուժ չունի»:
Վերջինս հայտնեց, որ նախարարությունում պայմանագիր կնքելուց և կինոկենտրոնի պարտավորությունը կատարելուց հետո ֆիլմի նկարհանման աշխատանքները կավարտվեն 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:
Նշենք, որ Հովհաննես Գալստյանի հացադուլի ժամանակ նրան են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Տեր Վահրամ քահանան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Հիշեցնենք, որ ռեժիսորի բողոքն ուղղված էր Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակմանը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոռեժիսորի նախագծի հանդեպ պարտավորություն է ստանձնել ֆինանսավորելու երեք տարում՝ բյուջեի 30 տոկոսի չափով։ Պարտավորությունը կատարվել է 2016 թվականին․ 2017 թվականին գումարի մի մասը՝ 5 մլն դրամը հետ է վերցրել մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ պետական այլ ծախսի համար՝ ժամանակավոր, և չի վերադարձրել: 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։
Արմինե Արմենակյան