Ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողներն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են լուծել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա ներմուծելու հետ կապված տուգանքների խնդիրը։ Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձևակերպում՝ 20 տոկոսով հարկվում են։ 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ներկայացրեց իրենց խնդրանքը, ըստ որի, պահանջում են հաստատագրված արժեք ներկայացնել ամեն մեքենայի համար, որպեսզի յուրաքանչյուրն իր անունով կարողանա մեքենա ներմուծել, այլ ոչ թե բարեկամների, ծանոթների անուններով։

Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն որևէ մեկը իրենց չի տեղեկացրել այդ մասին․ «Մենք չենք խուսափում հարկերից, սակայն խելամիտ հարկ պետք է սահմանվի. եթե հինգ տոկոսի վրա ենք աշխատում, ինչպե՞ս քսան տոկոս տանենք-մուծենք»,-ասաց մասնակիցներից մեկը։

«Մեզնից պահանջում են որպես հարկ վճարել ոչ թե մեր եկամտի գումարից, այլ մեքենայի ընդհանուր արժեքի գումարից, այդպես ո՞նց կլինի»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին լսելուց հետո ասաց, որ հարցը քննարկման ենթակա է և առաջարկեց, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց պահանջը,  ձևակերպեն թղթով, ուղարկեն ֆինանասների նախարարություն, որպեսզի քննարկվի այդ հարցը։