Մայիսյան իշխանափոխությունից հետո փողոցային առևտուրն աննախադեպ «վերելք» է ապրել։ Վերավաճառողները, որոնք ապրանքի իրական տերերից էապես ավելի շատ են, փողոցներն ու մայթերը դարձրել են սեփականություն և օգտագործում են ըստ ցանկության։
Վաճառականները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն է իրենց թույլատրել դրսում ազատ վաճառել սնունդն ու տարատեսակ իրերը։ «Թե՛ Երևանի քաղաքապետի ընտրություննրեից առաջ և, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ներքին կարգով քաղաքապետարանից հրահանգել են թույլատրել ապրանքի ազատ վաճառքը` ուր կցանկանանք»,- մանրամասնում են հենց վաճառականները։ Նպատակը պարզ է՝ հավելյալ ձայները չեն խանգարի։
Փողոցներում ապրանքը ոտքի հետ գնում է, իսկ կանգառներում ոտքի թաթերի վրա պետք է քայլել՝ ապրանքները չտրորելու և վաճառականների վատ վերաբերմունքին չարժանանալու համար։ Տեսանյութում և լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես են վերավաճառողները Մաշտոցի պողոտայում տաքսիներից դատարկում վաճառվելիք ապրանքն ու կանգառը լցնում սնունդով։
Մեր այն դիտարկումներին, թե ինչպես կարող է քաղաքապետարանը, կամ վարչական շրջանի ղեկավարը ներքին կարգով թույլատրել օրենքով արգելվածը, վաճառականներից տիկին Գոհարը և Կարինեն նկատեցին․ «Մենք հո հանցանք չենք գործում, ապրանքն ենք վաճառում, ժողովուրդն էլ տեսնում` առնում ա, Փաշինյնաը մեզ թողել ա ինչ ուզենք՝ անենք, իսկ քաղաքապետարանից էլ ասել են, որ մինչև Նոր տարի ինչքան ուզենք` վաճառենք ապրանքները, ազատ ենք։ Դրանից հետո չենք կարա ասենք, թե ոնց կլինի, բայց երևի էլի կթողնեն, որ վաճառենք»։
Իսկ, թե ում միջոցով են քաղաքապետարանից փոխանցել վաճառականներին այդ «ազգանվեր» լուրը, վաճառականները փաստում են՝ իրենց աշխատակիցների միջոցով․ «Էլ ո՞նց պիտի ասեն, աշխատողները մեկ- մեկ գալիս նեղում են, բայց մենակ էդքանը, հետո ասում են հանգիստ վաճառեք ինչ-ուզում եք, մինչև էս Նոր տարին անցնի տեսնենք` ինչ է լինելու»։
Սպառողների ազգային ասոցիացիայի փոխտնօրեն Ռուբեն Հայթյանը մեզ հետ զրույցում կրկին նշեց, որ դրսում վաճառվող թարմ ձկները, կաթնեղենը, չլվացվող բանջարեղենը շատ վատ են անդրադառնում մարդու առողջության վրա, քանի որ մեքենաների արտանետումներն ու ոտքի հետ շարժվող կեղտը բերում են սննդային թունավորման։
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց լսել քաղաքապետարանի պատասխանը, սակայն տվյալ կառույցից մեզ որևէ պատասխան չտվեցին։
Արմինե Միքայելյան