Երևանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում: Այդ մասին երեկ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինի այդ կենսաբանական լաբորատորիաներում»,- ասել էր նա:

Ռուսաստանցի քաղաքագետ Աջար Կուրտովը Русарминфо-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայտարարությունը, նշել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքն այն երկրների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանը ո'չ բազմակողմ, ո'չ էլ երկկողմ ձևաչափերում որևէ համաձայնագրային պարտավորություն չունի:

«Տեսականորեն հավանական է նաև այլ  տարբերակ, համաձայն որի` Հայաստանը կհրաժարվի ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և նույնիսկ Ռուսաստանի զինվորականների ներկայությունից: Բայց ես հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Դա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ վերջին տարիներին  երբեմնի Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում ներառված երկրների աշխարհաքաղաքական մրցակիցներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցներով այդ պետություններին իրենց կողմը քաշել, այդ թվում՝ դրանց ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստումներով»,- ասել է Կուրտովը:

Ըստ նրա` հենց օտարերկրյա զինվորականների ներկայությունից հրաժարվելու փաստը կարող է խանգարել երրորդ պետությունների նման ծրագրերին: