18-ամյա Լևոն Գապոյանը փաստի առաջ է կանգնել. դեռևս տարիներ առաջ ի հայտ եկած առողջական խնդիրների խորանալու պատճառով չի կարողանում զորակոչվել բանակ: Բանն այն է, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կեռատակոնուս հիվանդությունը, որը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինիս մայրը՝ տիկին Քնարիկը պատմեց, որ տղայի մոտ առկա հիվանդության մասին պարզվել է ընդամենն ամիսներ առաջ՝ զինվորական հերթական ստուգումն անցնելիս.
«Ամռանը տղաս պետք է մեկներ ծառայության․ նա սովորում է Եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նրան պարտադիր ծառայությունն անհրաժեշտ է։ Նա նաև ընդգրկված էր «Պատիվ ունեմ ծրագրում»։ Սակայն 2018թ. զինվորական հերթական ստուգման ժամանակ պարզվեց, որ երեխայիս մոտ առկա է կեռատակոնուս հիվանդության ծանր աստիճան: Անմիջապես գնացի Վարդենիսի զինկոմիսարիատ, պահանջեցի որդուս 2016թ․ բժշկական ակտը, պարզվեց՝ զինկոմը դեռ այն ժամանակ հայտնաբերած է եղել հիվանդությունը, բայց ինձ տեղյակ չի պահել այդ մասին, ոչ էլ միջոցներ է ձեռնարկել՝ հիվանդության հետագա խորացումը կանխելու համար։ Ես ինքս տղայիս տարա հիվանդանոց, ասացին, որ վիճակը ծանր է, և երկու աչքը հարկավոր է վիրահատել, որպեսզի կանխվի տեսողության կորուստը։ Հիվանդանոցում պահանջեցին գրություն զինկոմից, որ թույլ են տալիս որպես զորակոչ վիրահատություն կատարել, բայց այդտեղից ինձ գրություն չտվեցին՝ ասելով, որ սպասեմ՝ մինչև տարեկետում տրամադրեն։ Իրենց անփության պատճառով իմ մատղաշ երեխային հաշմանդամ սարքեցին:
Այս հարցում օգնելու համար դիմել եմ նաև Հանրապետության զինկոմ Հենրիկ Մուրադյանին, սակայն ինձ պատասխանեց՝ «գնա 40 հատ տղա ունեցի, սի՞րտն ա, թո՞քն ա, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես խառնվել իրար»: Որպես զինկոմ՝ ինձ որևէ ձևով չի աջակցում, այլ հակառակը՝ օգտվում է պաշտոնական դիրքից և ոտնահարում իմ իրավունքները»,- իր մտահոգությունը հայտնեց միայնակ մայրը, ում խնամքին է երկու երեխա:
Նրա խոսքով՝ տղային թողել են բախտի քմահաճույքին, անգամ չեն էլ հետաքրքրվում առողջական վիճակով. «Տղայիս 10 ամսով տարկետում են տվել, բայց այս ընթացքում ոչ ոքի մտքով չի անցել գալ, տեսնել՝ ինչպես է, արդյոք վիրահատություն արվե՞լ է, թե՞ ոչ: Այս պահին հիվանդանոցում ենք, տղաս քիչ հետո կվիրահատվի։ Եթե իմ որդին խախտեր ծառայության օրենքները, վստահ եմ՝ կձերբակալեին և ազգի դավաճի հոդվածով կդատեին, այնինչ այսօր իրենք չեն հետաքրքրվում տղայիս առողջական վիճակով»,- նշեց Լևոն Գապոյանի մայրը:
Մենք պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք նաև Գեղարքունիքի մարզի զինկոմի տեղակալ Արթուր Վարդանյանի հետ, սակայն վերջինս փոխանցեց, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ դատախազությունում քննություն է ընթանում՝ ուղղորդելով զրուցել Լևոն Գապոյանի ծնողի կամ գործով զբաղվող քննիչի հետ։
Ի դեպ, նշենք, որ այս առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփություն, մարմնական ծանր վնասվածք): Նյութերը քննվում են Քննչականի Սևանի 5-րդ կայազորի բաժնում: