Երևանում մետրոյի նոր կայարաններ ստեղծելու հարցի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Այժմ հարցը բարձրացվել է նաև նոր կառավարության շրջանակներում։ Այսօր հարց է դրվում, որ գոնե շարունակվի առաջին կայարանի կառուցումը, որը պետք է լինի Հալաբյան-Աբելյան խաչմերուկում։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խնդիրը մանրամասնելով, նշեց․ «Մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակի մետրո գնացող հատվածում կատարվել են որոշակի աշխատանքներ դեռ խորհրդային տարիներին, և այդ աշխատանքները մնացել են չիրացված։ Մոտ 104 մլն դրամի աշխատանքներ են։ Որպեսզի աշխատանքներն իրացվեն, անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել «Աջափնյակ» կայարանն ավարտելու համար։ Աշխատանքների 70 տոկոսն արված է, մնում է ևս 30 տոկոս։ Սա որպես հանրային հնչեղություն ունեցող հարց՝ դեռևս անցած տարվա ապրիլից քննարկել էինք և նախորդ կառավարությանն էինք ներկայացրել․ այնտեղ երկու նախարարություններ, քաղաքաշինության կոմիտեն և քաղաքապետարանը դրական կարծիք էին հայտնել»։
Սաֆարյանը նկատեց, որ համապատասխան ենթահանձնաժողովով, որը կոչվում է Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողով, քննարկել են մինչև այժմ ունեցած ձեռքբերումները՝ պայմանավորվածությունների մասով, և ամփոփելով՝ որոշել են մեկ ամսվա ընթացքում պատրաստել կոնկրետ առաջարկ՝ մտնելու կառավարություն, որպեսզի կառավարությունը արդեն ընթացք տա այդ հարցի լուծմանը։
Հարցին՝ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, և ե՞րբ պատաստ կլինի նոր կայարանը, Սաֆարյանը նկատեց․
«2,5-3 տարվա ընթացքում կարելի է կառուցել նոր կայարանը։ Պետք է մեկ կամուրջ կառուցվի, այդ կամուրջը 148 մետր է լինելու, դրա կոնստրուկցիաները պետք է բերվեն դրսից՝ Ռուսաստանից։ Աշխատանքները կատարելու նվազագույն ծախսերի համար, որը հաշվարկել է «Արթուն» ԲԲԸ-ն, պահանջվում 75 մլն դոլար: Այն կարելի է 3 տարում կառուցել։ Մեր բյուջեի համար տարեկան 25 մլն դոլար հատկացնելը մեծ ծախս չէ, բայց փոխարենը մենք կունենանք մի կայարան, որը կարող է տրանսպորտային բեռնաթափում իրականացնել, Աջափնյակից մարդիկ կարող են 25-30 րոպեում հասնել, օրինակ, 3-րդ մաս»։
Թե որն է հենց հիմա կայարաններ կառուցելու հարցը բարձրացնելու պատճառը, Սաֆարյանը նշեց, որ դրանք նոր կառավարության ծրագիրն ու քաղաքապետի նախընտրական խոստումներն են․ «Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իրենք կառավարության ծրագիրը տարան ԱԺ՝ հաստատելու, այնտեղ կար մի կետ, որը նախատեսում էր մետրոյի զարգացում։ Հիմք ընդունելով այս կետը, որ կառավարությունն ունի մետրոյի զարգացման մոտեցում և Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումները, որոնք վերաբերում էին մետրոյի մի քանի կայարաններ կառուցելուն, որոշեցինք հարցին հիմա ընթացք տալ»։
Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև այլ կազմակերպությունների կողմից Աջափնյակի կայարանը կառուցելու ֆինանսավորմանը և նկատեց, որ դա խնդրի լուծման երկրորդ փուլն է և կառավարության որոշումից հետո միայն հնարավոր է մտածել այդ մասին։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել կայարանի կառուցմանը․ «Եթե կառավարությունը գնում է այդ որոշմանը՝ ներդրողներ կլինեն։ Կա մի տարբերակ՝ դեպի կայարանի նախասրահ շատ սրահներ են առաջանալու: Դրանք այսօրվանից քաղաքապետարանը կարող է աճուրդի հանել, վաճառել, որ հետագայում դառնան խանութներ՝ ինչպես Բարեկամության մետրոյի խանութներն են։ Դրանք կարելի է հիմա վաճառել, գումարները վերցնել և նպատակաուղղել շինարարությանը»,-ասաց Սաֆարյանը և հավելեց, որ որոշակի ինֆորմացիա են ունեցել, որ «Թումո» կոնտրոնի ղեկավարությունը շահագրգռված է մասնակցելու ֆինասավորմանը։
Արմինե Արմենակյան