Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդ ապրողների 67 տոկոսը տեղյակ է իր այդ կարգավիճակի մասին, իսկ 85 տոկոսը բուժում ստացողներն են, որոնց վիրուսը գտնվում է  չհայտնաբերվող մակարդակում:

Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3400 անձ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը՝ ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց, որ միջոցառումն իրականացվում է ավելի ինֆորմացված լինելու համար:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է այն տարածաշրջանում , որտեղ ՁԻԱՀ-ի աճ է արձանագրվում:

«Խոսքը Արևելյան Եվրոպայի և Հարավ-Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասին է, սակայն Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մնացած կառույցներն աշխատում են այդ ուղղությամբ: Միգրանտները ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հարցերում դիտարկվում են որպես կարևորագույն խումբ»,- ասաց Շարփը:

Նրա խոսքով՝ ՁԻԱՀ-ն այսօր դառնում է կառավարելի քրոնիկ հիվանդություն, ինչպես հերպեսը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը հորդորեց չդիտարկել ՁԻԱՀ-ը որպես այնպիսի երևույթ, որը չի բուժվում:

«ՁԻԱՀ-ը քրոնիկ հիվանդություն է, որը պահանջում է բուժում, կանխարգելման ծառայություն»,- նշեց Շոմի Շարփը:

Նա հավաստիացրեց, որ մինչև 2030 թվականը հնարավոր է ունենալ ՁԻԱՀ-ից ամբողջովին ազատ աշխարհ:  Շարփն ընդգծեց, որ ՄԻԱՎ-ը գուցե և լինի, սակայն ՁԻԱՀ-ը՝ ոչ:

2018 թվականին Հայաստանում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի հարցերով միգրանտների առողջության և այդ հիվանդություններին առնչվող առողջապահական ծառայությունների հասանելիության արդյունքների համաձայն տվյալ վարակի տարածվածությունը աշխատանքային միգրանտների մոտ կազմում է  0.5 տոկոս, հեպատիտ B-ի տարածվածությունը՝ 0.9, իսկ հեպատիտ C-ինը՝ 0.7 տոկոս:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ողջունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության քայլը, որ աշխատանքային միգրանտների շրջանում ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ մեծ աշխատանք է տարել:

«Վերջին տարիներին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված միջոցառումների իրականացման շնորհիվ Հայաստանում կասեցվել է համաճարակի զարգացումը: Ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը մնում է կայուն»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանում ներդրվել է «Բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի ՄԻԱՎ վարակի ախտորոշում ստացած բոլոր հիվանդներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում:

«Ներկայում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո տրվում է անվճար բուժում մոտ 1900 մարդու: Երկրում ստեղծվել է նաև ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդության վաղաժամ ախտորոշումը»,- շեշտեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

2013-2017 թվականներին արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի 70 տոկոսը կազմել են աշխատանքային միգրանտները և նրանց զուգընկերները: Նրանցից 58 տոկոսը վարակվել է ՀՀ-ից դուրս, 12 տոկոսը կազմել են զուգընկերները, իսկ 30 տոկոսն այլ ճանապարհով:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակին բնորոշ է մի քանի առանձնահատկություն՝ հետերոսեքսուալ հարաբերություններ (78.3 տոկոս), թմրամիջոցների ներարկային օգտագործում (12 տոկոս), հոմոսեքսուալ հարաբերություններ (4.4 տոկոս), փոխանցվել է մորից երեխային (1.2 տոկոս) և անհայտ պատճառներով (3.9 տոկոս): Այս վիճակագրական տվյալներն ամփոփում են դրությունը ՀՀ-ում 2013-2017 թվականներին: