Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2019 թվականի անելիքներին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի եւ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարեւոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք եւ համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- նշել է Բակո Սահակյանը: