Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Այս մասին ասված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քոչարյանը 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:
Քոչարյանի գործը իշխանափոխությունից հետո առաջին լուրջ քննությունն էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համար: Շատերի կարծիքով՝ իշխանությունները կարող էին ճնշում գործադրել ՍԴ վրա, որպեսզի վերջինս ճիշտ որոշում ընդունի: Սակայն այս տարբերակը քիչ հավանական է, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի վրա ազդելու լծակները խիստ սահմանափակ են:»
Մի կողմից՝ կարող է թվալ, որ ՍԴ որոշումը բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից, սակայն իրականում, Քոչարյանի պաշտպանական թիմի համար սա ուղիղ ճանապարհ է բացում դեպի ՄԻԵԴ, որտեղ ներկայիս իշխանությունները, մեղմ ասած, տհաճ իրավիճակում են հայտնվելու: Սպառելով ներհայաստանյան ատյանները, Քոչարյանի փաստաբանական թիմը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա հաջողության հասնելու ՄԻԵԴ-ում: Այս տեսանկյունից՝ թերևս հարց է՝ ո՞ւմ օգտին է որոշում կայացրել Սերժ Սարգսյանի վստահելի կադր հանդիսացող Հրայր Թովմասյանը…