Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում առաջադրված 2 թեկնածուներից մեկը՝ Էդուարդ Մովսիսյանը, ինքնաբացարկ է հայտնել: Համայնքապետարանի առաջատար մասնագետ Էդուարդ Մովսիսյանը Տեղերում պետք է մրցեր ներկայիս համայնքապետ Գառնիկ Հովհաննիսյանի հետ, որը, ի դեպ, նախկին ՀՀԿ-ական է:
Համայնքապետ Գառնիկ Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ մտերիմ հարաբերությունների մեջ է ինքնաբացարկ հայտարարած թեկնածուի հետ, սակայն տեղյակ չէ, թե նա ինչու է այդ քայլին դիմել:
«Չեմ կարող ասել՝ ինչու է նման որոշում կայացրել: Դե կամ ես պիտի մնայի, կամ՝ ինքը»,-մանրամասնեց գործող համայնքապետը՝ միևնույն ժամանակ չթաքցնելով, որ իր և ինքնառաջադրված աշխատակցի միջև քննարկումներ եղել են հարցի շուրջ:
Ինքնաբացարկ հայտնած Էդուարդ Մովսիսյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեց, որ հանկարծ որոշել է չշարունակել ընտրապայքարը:
Ինչո՞ւ նման որոշում կայացրիք:
- Դե, այնուամենայնիվ, հաղթելու է համայնքապետը ու կարծում եմ՝ էլ կարիք չկար դնել թեկնածություն ու ոչ մի ձայն չտանել: Վերջապես համայնքապետ է և երկար տարիներ աշխատել է այդ պաշտոնում: Ես սկզբում մտածում էի, թե ինքը չի դնի, բայց հետո որ դրեց ու պնդեց իր դերը՝ ես որոշեցի-դուրս եկա:
Նախկինում չէի՞ք խորհրդակցել միմյանց հետ, ի վերջո, համայնքապետ-աշխատակից հարաբերությունների մեջ եք նաև:
-Խորհրդակցել ենք, ո՞նց չէ: Դե, ինքն ասաց՝ ուզում ես՝ դիր, ընտրապայքար ա, ինչ ա եղել որ, մանավանդ, որ երկրում իրավիճակ ա փոխվել:
Իսկ որևէ տարաձայնություն չի՞ եղել Ձեր և գործող համայնքապետի միջև:
-Ընդհանրապես, ոչ մի տարակարծություն չի եղել, ես կշարունակեմ նորից աշխատել:
Հնարավո՞ր է՝ այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերած լինեք, որ ինքնաբացարկի դիմաց միայն կկարողանաք շարունակել պաշտոնավարումը:
-Չէի ասի: Չէ, նման բան չկա: Գիտե՞ք՝ այսօր համայնքն այն վիճակում է, որ եթե ես դիմում գրեմ, դուրս գամ վաղը, ապա աշխատող չի լինի: Քանի որ և՛ աշխատավարձն է քիչ, և՛ աշխատանքն է շատ:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ