Փետրվարի 1-2-ը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնակի ուշադրությունն ու վերաբերմունքը առաջնագծում կանգնած զինվորների նկատմամբ, Արցախի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից զատ, կազմակերպվեցին նաև այցելություններ Արցախի զորամասեր: Եվ հենց այդ զորամասերից մեկում էլ, տեսնելով սպորտային գույքի սակավաթիվ տեսականին, Ծառուկյանն առաջարկեց իր օգնությունը՝ «Ի՞նչ եք ուզում, ասեք, որ 7 օրվա մեջ ուղարկեմ»: Խնդիրը շատ արագ լուծում ստացավ և մեկ շաբաթվա ընթացքում արցախյան զորամասը կհամալրվի ժամանակակից սպորտային հանդերձանքով և գույքով:
 
Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Արցախի շուրջ, և նաև այն հանգամանքը, որ այսօր ավելի ու ավելի հաճախ են դաշտ նետվում «հող՝ կարգավիճակի դիմաց» և այլ նմանատիպ թեզեր, Ծառուկյանի՝ Արցախ կատարած այցը և հատկապես այս քայլը՝ Արցախի իշխանություններին ուղղված աջակցության յուրահատուկ և ինքնատիպ մեսիջ է, որով նա գործնականում արտահայտեց իր վերաբերմունքը շրջանառվող վերոնշյալ թեզերին: Ընդ որում, անչափ հատկանշական է, որ Ծառուկյանը Արցախ է այցելում քաղաքական ոչ պիկ շրջանում, երբ խորհրդարանական ընտրություններում «բարիերը» հաղթահարված է, իսկ նոր ընտրություններին կա դեռ հինգ երկար ու ձիգ տարի, հետևաբար, քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
 
Արցախին անշահախնդիր ծառայելուն ուղղված՝ Ծառուկյանի այս մարդկային քայլը առաջինը չէ, հիշենք Ապրիլյան քառօրյայից հետո ԲՀԿ առաջնորդի կողմից Արցախի բնակավայրերի վերանորոգմանն ուղղված 100 միլիոն դրամի օժանդակությունը: Ծառուկյանի ֆինանսական օժանդակությամբ է հիմնովին վերակառուցվել նաև Արցախի հարավում գտնվող Արաքսավան համայնքը: 2017 թվականին էլ Ծառուկյանի հրավերով Հայաստան, իսկ այնուհետև Արցախ էին ժամանել Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության պատվիրակությունը, և այդ քայլը մեծապես օժանդակել էր ընդլայնելու Արցախի Հանրապետության միջազգային գործընկերների շրջանակները:
 
Իսկ Ծառուկյանի՝ օրերս կատարած այցը Արցախ՝ վերստին ապացուցեց, որ ԲՀԿ առաջնորդը եղել է և շարունակում է կանգնած մնալ Արցախի ժողովրդի կողքին ՝ անկախ քաղաքական իրավիճակից…