Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ամենուր հնչում են նրա ստեղծագործությունները։ Փետրվարի 19-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 11։00-ին, և գյուղի կենտրոնական հրապարակի տարբեր հատվածներում կարելի է դիտել բանաստեղծի ստեղծագործությունների բեմականացումներն ու լսել նրա բանաստեղծությունների ու պոեմների համար գրված երաժշտություն։
Միջոցառումներին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, նախարարների և պատգամավորներ։
Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին հիշեցրեց Թումանյանի կարևոր պատգամներից մեկը։
«Մենք համախմբվել ենք տոնելու մեր մեծ հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Եկել ենք խոնարհվելու և նրա հայրական խրատը ևս մեկ անգամ լսելու։ Նա խրատեց լինել սիրով ու միաբան. միայն այդ դեպքում կտեսնենք հայոց պայծառ ապագան»,- ասաց Չուլջյանը։
Պաշտոնական ելույթներից հետո մեկնարկեց համերգային տոնական ծրագիրը։
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են մեկնարկել Երևանում, Դսեղում և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։