Անվախ, կատարյալ, զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես է միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում: «Պարզվում է՝ Հայաստանը համաշխարհային գերտերություն է ռազմական նվագախմբի առումով: Գեներալն անվախ կերպով, անվնաս անցնում էր սրերի միջով, որոնք իդեալական համաչափությամբ շարժվում էին վերևից ներքև»,-ասված է հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը տպավորված էր և պատվո պահակախմբի ելույթն ուղեկցվում էր ծափողջույններով:

 

ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի դիտարժան ելույթը չի վրիպել նաև «The Guardian»-ի աչքից: Հոդվածագիրը ծավալուն հրապարակմամբ անդրադարձ է կատարել IDEX-2019 ցուցահանդեսին և նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախումբն այլ խմբերի հետ մեծ ու տպավորիչ շոու է ներկայացրել:

IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար: Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: