ՀՅԴ մասնագիտական խմբերը շարունակում են ներկայացնել եզրակացություն ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ՝ ըստ ոլորտների։

Գյուղատնտեսություն

  1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում և այլն: Կարևոր է, որ շարունակվեն գործուն քայլեր ձեռնարկվել անմշակ և ոչ նպատակային օգտագործվող հողերի մակերեսների նվազեցման ուղղությամբ: Դրական են կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերների ստեղծմանը միտված մոտեցումները, գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացումը, գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը:
  2. Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի խոշորացման և հողերի արդյունավետ շուկայի ձևավորման համար: Հայաստանում վարելահողերի միջին մակերեսը պակաս է 1.5 հեկտարից: Փոքր և կտրտված հողակտորների տնտեսական արդյունավետությունը ցածր է, երկրից իսպառ վերացել է ցանքաշրջանառությունը: Հողերի խոշորացման համար հողի սեփականության իրավունքի փոփոխությունը պարտադիր պայման չպետք է լինի: Հարկ է ստեղծել բավարար խթաններ, որպեսզի փոքր հողատերերը, կամավորության սկզբունքով, միավորեն իրենց հողատարածքները՝ մեծացնելով հողի արդյունավետությունը:
  3. Գյուղատնտեսական քաղաքականությունը նաև պետք է միտված լինի տարածքային անհամամասնությունները մեղմելուն: Գյուղատնտեսական և պետական աջակցության ծրագրերը պետք է իրականացվեն հիմնականում առավել խոցելի ու տնտեսապես թերզարգացած մարզերում և համայնքներում:
  4. Մարզերում անասնաբույժների, գյուղատնտեսների և բուսասանիտարների հիմնահարցի լուծումը կենսական անհրաժեշտություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ցավոք, տասնյակ համայնքներում այլևս չկան նշված մասնագիտություններին տիրապետող անձինք: Անասնաբույժների միջին տարիքը մոտենում է 60-ի:
  5. Հաշվի առնելով ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկը՝ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանման ուղղությամբ:
  6. Հայաստանի գյուղատնտեսական բյուջեն համադրելի չէ երկրում գյուղատնտեսության տնտեսական և քաղաքական նշանակության հետ, կազմում է ընդհանուր բյուջեի մոտ մեկ տոկոսը (առանց ոռոգման ջրի սուբսիդավորման գումարի)․ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը գեներացնում է երկրի ՀՆԱ-ի առավել քան 15 տոկոսը, իսկ գյուղատնտեսության վերամշակումը՝ ևս 10 տոկոսը: Մինչդեռ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական ցուցանիշ համարվող հարաբերությունը, ամենացածրերից մեկն է ամբողջ աշխարհում և կազմում է մոտ 3.5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում` 15 տոկոսը (գյուղատնտեսության բյուջեում ներառված է նաև ոռոգման ջրի սուբսիդավորման գումարը):
  7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ուղղվածության ինդեքսը՝ գյուղատնտեսությանը հատկացվող ֆինանսավորման մեկ այլ հիմնական ցուցանիշ՝ , դարձյալ ամենացածրերից է և հավասար է մոտ 0.1-ի: Համեմատության համար՝ այդ հարաբերությունը Վրաստանում մոտ 0.4 է, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում գերազանցում է 0.4-ը:

8.Համադրելի և ուղղակի մրցակից երկրների հետ համեմատությունը փաստում է, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման և կառավարության ծրագրում նախատեսված նպատակների իրականացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական բյուջեն մեծացնել:

  1. Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկն է: Այն ապահովում է հանրապետությունում ամենամեծ զբաղվածությունը և գյուղական համայնքներում եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրն է:
  2. Հաշվի առնելով գյուղի զարգացման և գյուղատնտեսության անքակտելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական վերամշակման օրգանական կապը գյուղատնտեսական մթերքների արտադրության հետ, գյուղատնտեսության նախարարությունը պետք է առավել հզորացվի, և նրա գործառույթները պետք է ընդլայնվեն՝ ընդհանուր առմամբ ներառելով հետևյալ ոլորտները՝ 1. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, 2. գյուղատնտեսական մթերքների վերամշակում, 3. գյուղի զարգացում:
  3. Կառավարության ծրագրում արձանագրված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հզոր, բանիմաց կադրերով համալրված, մարզերում էական ներկայություն ունեցող, նախաձեռնողական և իրական կարիքներով առաջնորդվող նախարարության առկայությունը: Պատահական չէ, որ աշխարհի համարյա բոլոր երկրներն ունեն գյուղատնտեսության նախարարություն: Նույնիսկ այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչության անվանումն ավելի ընդհանրական է, օրինակ՝ գյուղատնտեսության և պարենի, գյուղատնտեսության և առաջնային արդյունաբերության, գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման, առաջնային գործառույթը գյուղատնտեսությունն է:

Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում

  1. Դաշնակցությունը ողջունում է տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև կառավարության՝ 2016-2017 թթ.-ից իրականացվող քաղաքականությունը շարունակելու իրողությունը:
  2. Միևնույն ժամանակ, առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները՝ առանց կառավարության ծրագրում հայտարարված «պետական կառավարման համակարգում մարզպետարանների դիրքի և մարզպետարանների կազմակերպական կառուցվածքների վերանայման»:

Շարունակելի

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ