Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային երեք շենքի բնակիչներն այսօր առավոտից «գրավել» էին գյուղի դպրոցը։ 22 ընտանիք ապրում է անմխիթար պայմաններում, շենքը քանդվում է ինչպես ներսից, այնպես էլ դրսից: ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին ասաց վթարային շենքի բնակիչ Մկրտիչ Սահարյանը, հավելելով, որ այս պահին դադարեցրել են բողոքի ակցիան և սպասում են խնդրի լուծմանը։
«Մարզպետարանի վարչության պետը ուղեկցեց մարզպետի մոտ։ Հանդիպեցինք նրան, ասաց՝ ամեն ինչ անում է հարցը մեկ ժամ շուտ լուծելու համար։ Մենք դադարեցրինք բողոքի ակցիան այն պայմանով, որ մոտակա 1-2 ամվա ընթացքում խնդիրը լուծվի։ Եթե խնդիրը չլուծվի՝ մեր կոշտ քայլերը կձեռնարկենք, արդեն ոչ թե 22 ընտանիքով, այլ ամբողջ գյուղի բնակիչներով չենք թողնելու ո՛չ դպրոցը, ոչ գյուղապետարանն աշխատի, դուրս չենք գա՝ մինչև տան հարցը չլուծվի»,- ասաց նա։
Նշենք, որ շենքերը վթարային են անցած դարի 80-ականներից: Չորս տարի առաջ 29 ընտանիքներից 7-ը կառավարությունից 6 միլիոն 600 հազարական դրամ փոխհատուցում ստացան, տեղափոխվեցին, մյուսները սպասում են: