Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս պահին երկրում կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետն ասաց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանության օրակարգում նախատեսվում են սահմանադրական բարեփոխումներ և ինչ հիմնական փոփոխություններ են սպասվում:
«Այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, դրա վերաբերյալ, այո, որոշակի քննարկումներ կան: Խոսքը, մասնավորապես, մեր Սահմանադրության մեջ սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու գործում առկա շատ խիստ սահմանափակումների մասին է, և մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները, մանավանդ այսօր, մեր համազգային օրակարգի համատեքստում պատեհ չեն: Ուստի այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կանենք»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ վերջին շրջանում հնչող քննարկումներին՝ երկրում խորհրդարանական կառավարման կարգը նախագահականով փոխարինելու վերաբերյալ՝ ասելով. «Ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած, քանի որ ընդամենը մեկ տարի էլ չկա, որ խորհրդարանական համակարգը գործում է: Պետք է հասկանանք, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը և նոր միայն հետևություններ անենք: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, կարող է փոխվել, բայց հիմա չէի ուզենա որևէ կանխորոշող հայտարարություն անել: Սակայն իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք հստակ փաստարկներ, թե ինչու է դա անհրաժեշտ»:
Նա ընդգծեց, որ այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ Հայաստանում տնտեսական հեղափոխության գաղափարի վրա, իսկ այն պահին, երբ կհնչի ծանրակշիռ փաստարկ Սահմանադրությունում փոփոխություններ անելու վերաբերյալ, այդ ժամանակ միայն ստիպված կլինեն հաշվի նստել այդ փաստի հետ ու փոփոխություններ կատարել: