Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է դեռևս մարտի 12-ին սկսված դասադուլը: Դասադուլի պատճառը դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականն է:

Շուրջ 500 աշակերտ ունեցող դպրոցում դասադուլ է հայտարարվել, երբ Անդրեասյանը աշխատանքի գալու առաջին իսկ օրը ցանկություն է հայտնել ուսմասվար Գայանե Մարտիրոսյանին հեռացնել աշխատանքից և նրա փոխարեն իր նախընտրած մարդուն նշանակել: Սակայն նրա այս մտադրությունը չի իրագործվել, քանի որ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ոտքի են կանգնել պաշտպանելու փոխտնօրենին: 

Ըստ մանկավարժների՝ տնօրենն իր պաշտոնին հարիր վարքագիծ չի դրսևորում և այժմ էլ հերթով իրենց է վիրավորում, ուստի թույլ չեն տալու նրան մնալ այդ պաշտոնում:

Արդեն երկրորդ օրն է՝ դպրոցի տնօրենը աշխատանքի է գալիս ոստիկանների և իր հարազատների ուղեկցությամբ, որն էլ ավելի է բորբոքել լարված մթնոլորտը: Ոստիկանները, ուսուցիչների փոխանցմամբ, փորձել են նաև վերջինների հանդեպ բռնի գործողություններ իրականացնել, քաշքշել են:

Դպրոցի 35 ուսուցիչները վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հանձնվել. նշում են, որ անգամ աշխատանք կորցնելուն են պատրաստ, սակայն չեն լռելու: 

Հիշեցնենք՝ խնդրին ծանոթ են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն, ըստ շրջանառվող լուրերի, հովանավորում է Հերմինե Անդրեասյանին: