«Կառավարությունում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված շոշափվում են հանրությանը հուզող մի շարք հարցեր, կատարվում են դրանց վերաբերյալ արձագանքների քննարկումներ և տրվում գնահատականներ, որպեսզի տնտեսության զարգացմանը նպաստող նոր ծրագրերը լինեն ընդունելի: Այդ է պատճառը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ծրագրերը դեռ չեն բերվում Ազգային ժողովում քննարկման»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը: Նա նշեց, որ թեև համամիտ է այն մտքի հետ, որ որքան շուտ նախագիծը բերվի Ազգային ժողով քննարկման և կազմվի հստակորեն, այնքան լավ, բայց պետք է նաև քննարկել և մշակել: Հարցին, թե կառավարության նոր ծրագրում ինչպիսի՞ նախագծեր կան, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը, և ի՞նչ նախագիծ կառաջարկի ինքը` Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
 
«Ես զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախապայման եմ համարում ճանապարհաշինությունը: Կարծում եմ, որ մեր ճանապարհների որակը պետք է բարձրացվի»,- ասաց Աղազարյանը` նկատելով, որ Դիլիջանի, Սիսիանի և մի քանի այլ տարածքներում հատկապես ճանապարհների որակի խնդիր կա:
 
Նրա խոսքով, Հայաստանում պետք է զարգանա առհասարակ զբոսաշրջային շուկան. «Ձևավորված շուկան ազատ չի շնչում: Նոր հարկային քաղաքականությունը միտված է հենց շուկան, այսպես կոչված, շնչեցնելու համար: Այս առումով, ես կարծում եմ, որ բոլոր տնտեսվարողները պետք է հավասար լինեն: Հյուրանոցների գների նվազում պետք է լինի, միջոցառումների իրականացնումը պետք է ավելի ակտիվ լինի զբոսաշրջության բնագավառն ակտիվազնելու համար»,-նշեց Հովիկ Աղազարյանը:
 
Հարցին, թե արդյո՞ք նախորդ տարվա համեմատ, այս տարի ակնկալում է զբոսաշրջության ոլորտում զարգացման տեմպի առավել նկատելի աճ, Հովիկ Աղազարյանը ընդգծեց.«Կբարձրանա, ես կարծում եմ, որ տեմպն այս տարի 13-20%-ով կբարձրանա: Ես կարծում եմ, որ դա էական ցուցանիշ է: Իհարկե, այն, ինչ հիմա արվում է դրան միտված` միանգամից չի ազդելու, պետք է նաև մի քիչ սպասել»: