Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Նվազագույն կենսաթոշակների բարձրացման թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հետ։
«Հաշմանդամության թոշակի չափի փոփոխությունները մի քանի տեսակ են՝ 45 և 20 տոկոսով են ավելացումներ լինելու»,-իր խոսքում ասաց Արփինե Դավոյանը։ Աժ պատգամավորը հավելեց՝ «Եթե անկեղծ լինենք, իհարկե, 25.500 դրամը բավարար չէ մարդուն արժանապատիվ կյանք ապահովելու համար։
«Ուղղակի սա այն մինիմալ փոփոխությունն էր, որ առայժմ կարող էինք անել այս փուլում։ Բայց ասել, որ մենք դրանով մեծ հարց ենք լուծել, նման բան չենք էլ ասում։ Սա ուղղակի 2018 թվականի կառավարության ծրագրի, այսպես ասած, «խոստումն» էր, որն ի կատար ածվեց։ Բայց գլոբալ առումով, այն մեծ հարցեր չի լուծել։ Չնայած դրան, երկար տարիներ որևէ բարձրացում չէր եղել, և սա գործընթացի սկիզբն է»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների չափերը պետք է վերանայվեն և ըստ տնտեսական վիճակի, ժամանակ առ ժամանակ բարձրացվեն։ «Այս պահին ես իրավասու չեմ ասել՝ մոտակա ժամանակներում նորից բարձրացումներ կլինեն, թե՝ ոչ։ Բայց դրանց վերանայումը պարտադիր է։
Հիմա բյուջեն օգտագործվում է խնայողաբար, ծախսեր են արվում իրական կարիքներից ելնելով։ Այսօրվա օրենքը, որ ընդունվեց՝ հետհաշվարկ է, և այս ամիսներին չվճարված գումարը կվճարվի միանվագ։ Վերահաշվարկից հետո մարդիկ այդ գումարը կստանան մայիսին»,-ասաց նա ու հավելեց, որ ի տարբերություն մնացած տարիների, այս փոփոխությունները նախընտրական խոստում չեն, այլ՝ նոր գործընթացի սկիզբ։
Ասպրամ Փարսադանյան