«Ադրբեջանական դիրքրոշումը հանդիպումներին ընդառաջ, սկզբունքորեն չի փոխվել։ Հակառակորդը փորձում է լարվածություն մտցնել հանդիպումներից առաջ՝ ցույց տալով, որ խաղաղությունը լավ բան է, բայց կարող է լինել նաև այլ լուծումներ։ Չնայած՝ 2016 թվականին նրանք այդ մտքին համապատասխան արձագանքը ստացել են»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

 

Մարգարովը նկատեց, որ Ադրբեջանի կողմից սահմնային ինժեներական աշխատանքները, պարբերաբար լարվածություն ստեղծելը` ռազմավարություն է, որը չի կարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին սպասվող հանդիպման վրա անդրադառնալ։ Սակայն քաղաքագետը նաև նշեց, որ անհրաժեշտ է զգոնություն պահպանել, քանի որ սահմանին ցանկացած ինժեներական աշխատանք կարող է կապ ունենալ ռազմական գործողությունների վերսկսման հետ։ 

Թեպետ երկու երկրների ղեկավարների հանդիպման համար, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտնել՝ չկա կոնկրետ օրակարգ, սակայն, ըստ քաղաքագետի՝ շուրջ 30 տարի կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող երկրների քննարկման առանցքը, բնականաբար, կոնֆլիկտը և դրա լուծման եղանակներն են․ 

«Սա առաջին պաշտոնական հանդիպումն է, որը ենթադրում է նաև անդրադարձ՝ Հայաստանի կողմից ձևաչափի փոփոխմանը կամ վերկանգնմանը։ Հնարավոր է՝ նաև Վիեննայի եղանակը սկզբում քննարկվի՝ սառույցը ջարդելու համար։ Այստեղ ենթադրելի է, որ քննարկումների ժամանակ կողմերը հաստատելու են իրենց դիրքորոշումը՝ կոնֆլիկտի կարգավորման իրենց տեսլականի վերաբերյալ, որը Հայաստանի կողմից Արցախի ներկայացուցիչների ներգրավումն է բանակցային սեղանին, իսկ Ադրբեջանի կողմից, կարծում եմ, պնդելու են, որ ձևաչափը պահպանվի, իսկ եթե խոսակցությունը հասնի նրան, որ համաձայնվեն, այդ դեպքում Ադրբեջանը հնարավոր է՝  ներառի ԼՂ ադրբեջանական համայնքին, որն այլ ձևաչափի կտանի քննարկումը, քանի որ դա մինջհամայնքային խնդիր չէ։ Իսկ միջնորդները գուցե հնչեցնելու են այն միտքը, որ անհրաժեշտ է պատրաստել քաղաքացիներին խաղաղության, սակայն չեն ասելու, թե ինչպես է հնարավոր պատրաստել խաղաղություն մի ժողովրդի, որը հայի հանդեպ ատելությունը դարձրել է պետական քաղաքականություն»,-ասաց Մարգարովը։

Վերջինս այս մակարդակի հանդիպումները կարևորում է, քանի որ միայն այսկերպ է հնարավոր, որ խնդիրը ռազմական լուծում չստանա․ «Միջնորդների առաքելությունը ոչ միայն համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումն է, այլ նաև այն, որ լարվածությունը, որը կա սամանին՝ միջին ինտենսիվության կոնֆլիկտների չվերածվի։ Առնվազն այս հանդիպումները պետք է շարունակվեն՝ որպես այլընտրանք ռազմական գործողությունների։ Այլապես՝ այլընտրանքը միշտ կա»,- ամփոփելով ասաց Մարգարովը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ