«Հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ դնելն արհեստական բնույթ ունի»,-այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունների մասին կասկածի տակ դրվող թեմաները շահարկվում են, լրագրողներն էլ ջրաղացի վրա ջուր են լցնում: Անդրադառնալով նրան, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք ավելի լավը չեն եղել, պատգամավորը նշեց, որ դա այդպես է:

Ըստ նրա` երկու պետությունների որակն այժմ աննախադեպ բարձր է և նա իր բոլոր ջանքերը գործադրում է, որ մակարդակն ավելի բարձրանա: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչ տարբերություն կա նախկին և ներկա հարաբերությունների մեջ և ինչով է աննախադեպ լավացել հայ-ռուսական հարաբերությունները, Ալեքսեյ Սանդիկովն արձահանքեց. «Կարծում եմ, որ պետք չէ միշտ ինչ-որ հետին հայացքով նայել, թերություններ գտնել, այլ ինչպես ասացի՝ պետք է ամեն օր մեր առջև դնենք հարաբերությունների նշաձողը բարձրացնելու խնդիրը: Կուզենամ, որ ոչ թե հետ նայենք և համեմատական տանենք, այլ առաջ նայենք և փորձենք մակարդակն ավելի բարձրացնել»,-եզրափակեց պատգամավորը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ