Այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության դեմ Հովհաննիսյանների ընտանիքի 2 անդամները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց ակցիան ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ է։ Հովհաննիսյանների խոսքով՝ 2014 թվականին Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, դանակահարել է Վանուշ Ալեքսանյանին։ Դեպքի վկա է եղել նաև Հովհաննիսյանների որդին։ Դանակահարված Ալեքսանյանի ծնողները, ովքեր վկա են եղել, դեպքից հետո ցուցմունք են տվել, նշելով, որ հանցագործությունը կատարել է Սեդրակ Օսիպյանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հովհաննիսյանի մայրը՝ Սմբուլ Հովհաննիսյանն, ասաց.

«Ես բողոքում եմ Վալերի Օսիպյանի դեմ։ 2014-ին իր եղբոր տղան մարդ դանակահարեց, որն առաջին դեպքը չէր, բայց Օսիպյանի հովանավորությամբ ոչ մի անգամ պատասխանատվություն չի կրել, այս դեպքում հետաքննությունը 2 տարի տևեց։ Իմ երեխան, որ բաժանող է եղել, կանչում էին որպես վկա, ինքը չէր գնում։ Էդ դեպքից հետո Օսիպյանն ինձ ու մյուս որդուս ասել էր թող տղեդ վիզ վերցնի, որ ինքն է արել, ես տեր կկանգնեմ։ Մենք չհամաձայնվեցինք, ինքը սկսեց քեն պահել։ Հիմա, իբր թե 2018 թվականին նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որի պատճառով գործը վերաբացել են։ 2018 թվականի  հոկտեմբերին իմ տուն էր ուղարկել Մասիսի ոստիկանապետին, ասել գնա համոզի, որ իմ վրա բողոք չգրեն, որ ես շարունակեմ աշխատել, ես ասեցի, որ մենք չենք բողոքել։ Ամսի 22-ին ոստիկանությունից ու ԱԱԾ-ից եկան, բա տղայիս բաժին են տանում, բայց եթե գործը վերաբացել են մեզ պետք է ներկայացնեին, ծանուցեին, մենք կգնայինք»։

Հովհաննիսյանի խոսքով՝ դեպքից հետո բոլոր վկաները՝ դանակահարվածի ծնողները, գրել են, որ հանցանքը կատարել է Սեդրակ Օսիպյանը, հիմա վկաները պնդում են, որ չեն հիշում դանակահարողին։ Հովհաննիսյանի խոսքով՝ դանակահարվածի ընտանիքին կաշառել են, դեպքից հետո Ալեքսանյանին տեղափոխել են լյուքս համար։

«Իմ տղան հիմա Ռուսաստանում է, նա վկայի կարգավիճակ ուներ, քանի որ վկայի կարգավիճակում չեն կարող բերել Հայաստան, մեղադրանք են առաջադրել, իբր խուլիգանություն է արել, խախտել է հանրային կարգը։ 2014 թվականին խախտել է, հիմա՞ են բերում։ Իմ տղայի նկատմամբ հետախուզում են հայտարարել, այս պահին Ռուսաստանում բռնել  են։ Ես հասկացել եմ, որ Հայաստանում օրենք չկա։ Օձը կաշին փոխել է, թույնը՝ չէ։ Երբ ինձ Օսիպյանը առաջարկում էր, որ տղաս իր վրա վերցնի, նրա մայրը՝ Մարիետա Օսիպյանն, ասաց՝ «բա որ պետդ իմանա»» (այն ժամանակ պետը Վովա Գասպարյանն էր),  Օսիպյանն էլ ասաց՝ «ես եմ պետը, ո՞վ կարա ինձ բան ասի»։ Գործ հարուցեցին, հետո ո′չ հերքեցին, ո′չ հաստատեցին՝ կարճեցին։

Հովհաննիսյանը պնդում է, որ ամեն ինչ արել և անում են դեպքն իր տղայի գլխին բարդելու համար։ Նրա խոսքով՝ դեպքից հետո Սեդրակ Օսիպյանը 9 ամիս եղել է հետախուզման մեջ, այդ ընթացքում նա եղել է Շուշիում։

«Դեպք էր կատարվել, ո՛չ չափարապատում են արել, ո՛չ տեղանքն են զննել։ Միայն գիտեմ, որ Օսիպյանի մորաքրոջ տղան՝ Էդվարդ Աբրահամյանը, դանակն է ման եկել։ Ես ու որդիս եկել ենք, որ վարչապետին ասենք, թե իր նշանակած ոստիականապետը հանցագործ է։ Որդուս մոտ կան նյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է Վալերի Օսիպյանը սուտ ցուցմունքներ տվել։ Դրա համար դատապարտվում են, ոչ թե պաշտոնի արժանանում»։

Հովհաննիսյանն ասում է, հոկտեմբերին իրենց տեղեկացրել են, որ գործը վերաբացվել է։ Նրանց որդին երկիրը լքել է օգոստոսի 26-ին, այս մասին իմանալուց հետո Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ գործը հարուցվել է օգոստոսի 15-ին։ Հովհաննիսյանները ներկայացնում են իրենց խոսքերը հաստատող փաստաթղթեր, իսկ Օսիպյանի սուտ ցուցմունքները հաստատող նյութերը կներկայացնեն դատարանում։ Նրանց խոսքով՝ իրենց ակնարկել են անգամ, որ այդ փաստաթղթերը կարող են գողանալ։

Հարցին լուծում չտրվելու դեպքում Հովհաննիսյանները պատրաստվում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

Այսօր Վալերի Օսպիյանն անդրադառնալով հարցին ասել է, որ վստահ է, որ դանակահարողը իր եղբոր որդին չէ։

«Եթե ազդեցություն ունենայի, ի սկզբանե կազդեի, որ չվերաբացվեր այդ գործը: Երկրորդն էլ՝ ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չէ, ուղղակի վստահ եմ: Դա կապացուցի նախաքննության մարմինը:

Կխնդրեի բոլորին այդ գործին ինձ չկապել և այլևս հարցադրումներով չդիմել այդ գործի հետ կապված: Ես ընդհանրապես կապ չունեմ, ես զբաղված եմ էլ ավելի կարևոր գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք աշխատել իմ գործառույթների սահմաններում»:

Հիշեցնենք, որ  Սեդրակ Օսիպյանը մեղադրվում է անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

2015 թվականի մարտի 19-ին դատախազը որոշում է կայացրել փոփոխել Ս.Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է։