Վայոց ձորի փոխմարզպետը բացարձակ խեղաթյուրված է ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել, նա դիմել է ոստիկանություն, և կպարզվի, թե իրականում ով ում է հայհոյել։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, եւ ենթակա է քաղաքական պատասխանատվության։

ԲՀԿ պատգամավորը բացառեց, որ Սերգեյ Բագրատյանը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել․ «Ես կհորդորի իմ գործընկերներին անպատասխանատու հայտարարություններ չանել, ես շատ երկար տարիներ եմ ճանաչում Բագրատյանին՝ ուղղակի բացառում եմ, որ նա կարող է լինել ալկոհոլի ազդեցության տակ և կարող է ոչ վայելուչ արտահայտություններ թույլ տալ»,– ասաց։

Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվության ենթարկելու կոչին, Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց զբաղվել «Իմ քայլի» ներքին խնդիրներով, որոնք, ըստ պատգամավորի, այնքան շատ են, որ այլ խնդիրների ժամանակ չեն թողնի. «Վերջին շրջանում շատացել են Բարգավաճ Հայաստանին հորդորները, կոչեր, ցուցումներ հղողները, հիմա ես չեմ սիրում հորդորներով, կոչերով հանդես գալ, սակայն երբեմն ստիպված եմ լինում, ինչպես ասում են՝ «խոտորնակին խոտորնակ»։ Հենց ձեր քաղաքական ուժի մեջ այնքան պրոբլեմներ կան, այնքան խնդիրներ կան եթե դուք սկսեք այդ խնդիրներով զբաղվել, այդքան պարապ և ազատ ժամանակ չեք ունենա՝ ԲՀԿ հոլովելու»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միջադեպը Վայոց ձորի փոխմարզպետը ձայնագրել է, եւ առհասարակ, այդպիսի սովորություն ունի․ «Կրծքին կամերա խփելը և մասնավոր զրույց ձայնագրելը նոր թրենդի մեջ է մտնում։ Թե ինչքանով է տղամարդուն վայել մասնավոր, անձանական զրույցները ձայնագրելը՝ դա բարոյականության հարց է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ ձայնագրությունը ոստիկանությունում է, և կպարզվի՝ ինչպես է սկսվել վեճը, ով ինչի ազդեցության տակ է եղել, և ով է անցել բարեկրթության սահմանները: 

Զոհրաբյանը նաեւ պատմեց, թե իր տեղեկություններով՝ ինչն է եղել վեճի պատճառը. Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ երիտասարդները ծխախոտի մնացորդներ են նետել գետնի, փոխմարզպետը կոպիտ նկատողություն է արել, վիրավորել է երիտասարդներին, Սերգեյ Բագրատյանն էլ միջամտել է՝ ասելով, որ ոչինչ կհավաքեն, պետք չէ այդպես կոպիտ վիրավորել, ինչից հետո սկսվել է լեզվակռիվ։