Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկման ժամանակ զարմացրել է իր օգնականներին եւ հյուրերին՝ հայտարարելով. «Մենք բոլորս պետք է համոզվենք, որ աշխարհը, որում ապրում ենք, Վեստերոսի յոթ թագավորությունների միջեւ քաոսային պատերազմի մեջ չէ»,-հաղորդում է South China Morning Post-ը:

Ինչպես նշում է պարբերականը, դեռեւս հայտնի չէ՝ ինչպես է Չինաստանի առաջնորդը ժամանակ գտնում վիշապների, ասպետների եւ սրամարտերի մասին սերիալը դիտելու համար, սակայն նա երկրում բնավ միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որը լրջորեն հետաքրքրվում է «Գահերի խաղով»: Ջորջ Մարտինի վեպի հիման վրա նկարահանված սերիալի եւս մեկ երկրպագու է երկրի վարչապետ Լի Քեցյանը:

Ընդ որում՝ նշվում է, որ, չնայած սերիալի հանդեպ Ցզինպինի եւ Քեցյանի հետաքրքրվածությանը, Չինաստանում դեռեւս հեռարձակվում է դրա խմբագրված տարբերակը՝ «ազատված» էրոտիկայի եւ բռնության տեսարաններից:

Չինաստանի նախագահը բավականին հազվադեպ է պատմում իր հետաքրքրությունների մասին, սակայն հայտնի է, որ նա սիրում է պատմություն, կինո, գրականություն, փիլիսոփայություն, երաժշտություն եւ սպորտ: