Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ե.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: