Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա ցանկանում է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց, որ գուցե սա պաշտոնական հայտարարություն էր, բայց այդ գործունեությունը վաղուց է սկսվել։ «Գաղտնիք չէ, ըստ օդում կախված լուրերի, այդ ընդդիմությունը հենց ձևավորել է Ռոբերտ Քոչարյանը, այն պահից սկսած, երբ տեղի ունեցավ ԶԼՄ-ների առք ու վաճառք։ Հետևաբար, այդ պայքարը այսօրվանից չի սկսվելու, այդ պայքարը տարվում է արդեն իսկ ամիսներ շարունակ և բավականին հաջող է տարվում։ Չեմ կարծում, որ արտառոց փոփոխություններ կլինեն։ Իհարկե, չեմ կարող ասել, որ առանձնապես հեշտ կամ թեթև պայքար է։ Բոլորս էլ թիրախավորված ենք, ժամանակ առ ժամանակ ծանր բաների միջով ենք անցնում։ Սա միայն նշանակում է, որ այդ թիմը ստվերից դուրս է գալիս ջրի երես, ես այդպես եմ տեսնում»։

Հարցին, թե արդյոք այդ ընդդիմության շարքերում կլինե՞ն նախկին իշխանության անդամներ, Բադալյանը պատասխանեց, որ այդ թիմը վաղուց է ձևավորվել, ուղղակի հիմա դուրս է գալիս ստվերից։

«Մինչև հիմա էլ կար այդ պայքարը։ Այդ թիմի մեջ են՝ նախկին իշխանության անդամները, նրանց մերձավորները, մարդիկ, որոնք աշխատում են՝ գումարի դիմաց են անում, դա նոր ձևավորվող թիմ չէ։ Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են այդ մարդիկ։ Հետևաբար որոշակիորեն ուրվագծված է, պարզ է, թե ովքեր են այն ընդդիմությունը, որ պայքարելու է իշխանության դեմ»,- անդրադառնալով ընդդիմության ենթադրելի կազմին՝ ասաց պատգամավորը։

Բադալյանի խոսքով՝ ինքը կանխագուշակումներ կդժվարանա անել, բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր արդեն ընդունել են Քոչարյանին որպես գործընկեր և չեն թաքցնում դա, իսկ թաքցնելու դեպքում՝ բացահայտվել է։ Բադալյանն ասում է նաև, որ, ցավոք սրտի, կլինեն նրան կողմնակիցներ, ոչինչ չի բացառվում։ Բայց, թե ինչպիսին կլինի այդ ընդդիմությունը կդժվարանա ասել. «Կապրենք, կտեսնենք» ,- եզրափակեց Լուսինե Բադալյանը։