Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանը հարուստ երկիր չէ և ներդրողների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Հայաստանում կան գործիչներ, ովքեր իրենց հանդեպ ունեցած հարգանքը և վստահությունը, միջազգային կապերը կարողանում են օգտագործել՝ ի շահ մեր երկրի: Խոսքը, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է:
Եվ այսպես, խոսենք փաստերով:
Անցյալ տարի մեր երկիր էր ժամանել Քուվեյթի թագաժառանգ՝ շեյխ Ալ Սաբահը, ով Հայաստանում էր Գագիկ Ծառուկյանի հրավերով: Այցի հիմնական նպատակը ներդրումային ծրագրեր իրականացնելն էր: Առաջին խոշոր ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրված է, դա Երևանի կենտրոնում հինգաստղանի հյուրանոցի կառուցումն էր, որի նմանը պարզապես Երևանում չէր լինելու, ինչը տուրիզմի տեսանկյունից խոստումնալից էր: Սակայն, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և այն, որ հռչակած տնտեսական հեղափոխությանն ուղղված քայլերը դեռևս դեկլարատիվ մակարդակում են, կարծես թե, առկախել է այս ծրագրի իրականացումը: Հաջորդ խոշոր ներդրումային ծրագիրը մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանն է, որի համար ներդրվելու է մեկ միլիարդ դոլար, այն պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում և կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ:
Գագիկ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ավելին, Լուկաշենկոն Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ որդու հետ եղել է նաև Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, անգամ հյուրընկալվել և գիշերել է Ծառուկյանի տանը: Դրանից հետո էլ Մինսկում բացվել է «Արմյանսկիյ ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:
2017-ին մեր երկրում էր աշխարհահռչակ «Gucci» ընկերության հիմնադիր Գուչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչչին: Վերջինս ժամանել էր Հայաստան՝ Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության լայն ձևաչափ, որի արդյունքում կարող է ծնվել հայ–իտալական նոր բրենդ:Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ, կրկին աշխարհին լավագույնս ներկայանալու հնարավորություն ենք ստանում:
Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում սկսված բամբակի արտադրության գործընթացին ծանոթանալու նպատակով ամիսներ առաջ Հայաստան էր ժամանել Սիրիայում հայտնի «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը: Ստորագրված պայմանագիրը նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Նախնական ներդրումների ծավալը գերազանցելու է 30 միլիոն դոլարը:
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած պատվիրակությունը:
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանել նաև ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Սոչի կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկով»:
Իտալիայի հետպատերազմյան պատմության շրջանում ամենահզոր և ազդեցիկ քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին իր կուսակցության պատգամավոր Ելենա Պոլիդորիի միջոցով ջերմ բարևներ և նվեր է փոխանցել ԱԺ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ցանկություն հայտնել համագործակցության նոր փուլ սկսել հայկական կողմի հետ՝ ի դեմս Ծառուկյանի։ Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող և հավատարմագրային ծառայությունների ղեկավարմանը հանձնված «Մուլտի գրուպ կոնցեռնը» Ելենա Պոլիդորիի եղբորը՝ Ֆրեդերիկո Պոլիդորիին պատկանող «Կերամիսսա» ընկերության հետ Հայաստանում մեկնարկել են կերամիկական բարձրորակ սպասքի արտադրություն, որն իր որակով զբաղեցնում է ամենաբարձր դիրքերը միջազգային շուկայում։
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն ներկայիս ամենաազդեցիկ հայ քաղաքական գործիչներից է, ում հեղինակությունն ու համբավը տարածվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Սակայն, ի՞նչ են անում իշխանական համակարգի որոշ գործիչներ Ծառուկյանի միջազգային հեղինակությունը, նրա հանդեպ եղած վստահությունը ի նպաստ մեր երկրի ծառայեցնելու փոխարեն: Տպավորություն է, որ ողջ պետական ապարատը աշխատում է միայն մեկ խնդրի լուծման ուղղությամբ՝ ինչպես վնասել կամ խանգարել Ծառուկյանին: Նոնսենս է, որ անգամ Նոր Հայաստանում որոշ շրջանակներ սեփական շահը շարունակում են վեր դասել պետական շահից: Իսկ պետական շահը ենթադրում է, որ վերջնական արդյունքի հասնելու համար, երկիրը նոր զարգացման և բարգավաճման մակարդակի բերելու համար հարկավոր է նաև հետևողականություն դրսևորել՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու գործում, ինչը և անում է Գագիկ Ծառուկյանը, սակայն անում է միայնակ, առանց պետական մարմինների աջակցության: Սպասելի էր, որ Նոր Հայաստանի քաղաքական էլիտան պետք է աջակցեր՝ Հայաստան ներդրում բերելու, տնտեսությունը աշխուժացնելուն ուղղված ցանկացած քայլի, բայց արի ու տես՝ ոչ: Մնում է միայն ցիտել հայտնի ասացվածքը՝ եթե չես կարող օգնել, գոնե մի խանգարի…