Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի թիմը հաճախ էր հայտարարում, որ հին համակարգի ներկայացուցիչներից իրենք տարբերվում են նրանով, որ դեմ են երկակի ստանդարտներին: Սակայն իշխանության գալու առաջին իսկ շաբաթներն ապացուցեցին հակառակը: Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո մոռացության մատնվեց Սարի Թաղի քրեական գործը, իսկ, օրինակ, նախորդ տարի ապրիլին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանդեպ կատարած բռնությունները բազմահատոր քրեական գործի հիմք դարձան:
Հասկանալի է, չէ՞, որ Սարի թաղում տուժածները յուրայիններ չէին, այդ իսկ պատճառով որևէ մեկը չշտապեց վերականգնելու նրանց ոտնահարված իրավունքները: Կամ, ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ կարելի է տարբեր լծակների գործադրմամբ պետական ռեկետ իրականացնել, իսկ ահա իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Կյանքի Խոսք աղանդի հոգևոր հովիվը, ով որոշ տեղեկությունների համաձայն, պետությանը 1 միլիարդից ավել գումար է պարտք՝ հանգիստ կարող է շրջել ազատության մեջ, առանց ավելորդ հարձակումների ենթարկվելու: Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ Կյանքի Խոսքը հեղափոխության օրերին գործուն աջակցություն է ցուցաբերել իմքայլականներին:
Կամ մեկ այլ օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձերը բարձրացնելիս յուրայինների աշխատավարձերը բարձրանում են 100 տոկոսով, իսկ հնաբնակներինը՝ 20-30 տոկոսով: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Սասուն Միքայելյանի՝ Լյովա Երանոսյանին շշով հարվածելու դրվագը մոռացության է մատնվում, իսկ Վարդգես Գասպարիի դեմ նմանատիպ արաք կատարած անձի դեմ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել:
Իհարկե, այստեղ, արդարության համար պետք է նշենք այն հանգամանքը, որ Երանոսյանն անձամբ իր հասցեին էր վիրավորական խոսքեր լսել և բացի այդ էլ՝ նա միայնակ էր շրջապատված ոստիկաններով, հետևաբար, ինչպես ասում են՝ հարվածելու համար էլ դուխ էր պետք, մինչդեռ Գասպարիին հարվածելը առանձնապես մեծ հերոսական ջանքեր չէր պահանջում: Նման օրինակները բազմաթիվ են և խոսում են ընդամենը մեկ բանի մասին՝ որ նոր իշխանությունները որոշել են շեղվել հեղափոխության սկզբում հռչակած սկզբունքներից՝ չհորինել հեծանիվ, այլ շարունակել իրենց իսկ կողմից ժամանակին քննադատված վարքերն ու բարքերը…