Մեր ակցիայի նպատակը կայանում է հետևյալում, որ շատ շատերը չմոռանան Սումգայիթի, Արցախյան պատերազմի, Ապրիլյան քառօրյայի և Եռաբլուրում ննջողների մասին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց այսօր Մոսկվա կինոթատրոնի դիմաց բողոքի ակցիայի նախաձեռնող Տիգրան Վարդանյանը։
Բողոքի պատճառը եղել է «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ադրբեջանական ֆիլմը։ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ ակցիայի պատճառը ֆիլմի բովանդակությունը չէ։ Դիտարկմանը, որ ֆիլմը ադրբեջանական չէ, այլ ուղղակի նկարահանված է Ադրբեջանում՝ Վարդանյանն ասաց, որ իրենք տեղյակ են, որ ադրբեջանական ֆիլմ եզրույթը առաջացել է հենց այն պատճառով, որ ֆիլմը նկարահանվել է այնտեղ։ Ակցիայի կազմակերպչի խոսքով՝ իրենք չեն պահանջել, որ ֆիլմը չցուցադրվի, այլ ուղղակի հիշեցրել են Ադրբեջանի հետ առկա կոնֆլիկտը։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ արվեստը սահմաններ չունի, այդ պատճառով չենք եկել բոյկոտելու, կռվելու կամ որևէ մեկին վիրավորելու։ Պետք է գիտակցել, որ Ադրբեջանի վարչակազմը մի ձեռքով կրակում է, մյուսով՝ բանակցում, մեզ հետ խոսում են Արցախում իրենց դրոշը ծածանելու մասին, իսկ մենք խաղաղասիրական ինչ-որ քայլեր ենք ձեռնարկում»,- ասաց ակցիայի կազմակերպիչը։ Վերջինիս միացել են իր ընկերները՝ հայ հերոսների լուսանկարներով, պաստառներով։ Խոսելով արդյունքների մասին՝ Վարդանյանն ասաց, որ գրավել են հանրության ուշադրությունը։
«Արդյունքը հետևյալն էր, շատերը մոտենում էին, հարցնում էին՝ ինչի մասին է, ներկայացնում էինք և նրանք համաձայնվում էին, քաջալերում, որ ամեն քայլ պետք է ձեռնարկել ազգայինն ու պետականը պահպանելու համար։ Եթե անկեղծ, բեյջերով մարդիկ շատ են մոտեցել, բայց չգիտեմ ովքեր էին»,-նշեց Վարդանյանը։
Ակցիայի կազմակերպիչը նաև շեշտեց, որ ոստիկանության աշխատակիցների հետ նույնպես որևէ խնդիր չի առաջացել, ոստիկանները բարեհամբույր են եղել։
«Մեր պայքարը ոչ թե որևէ մեկի դեմ է, այլ հանուն որևէ բանի»,- եզրափակեց Վարդանյանը։