Այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու մասին: Վերջինս իր և մոր՝ Լյուդմիլա Սահակյանցի անունից դիմում է ներկայացրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին: Սահակյանցի որոշման պատճառը եղել է «Ոսկե ծիրան» մրցույթում տրանսգենդերի մասին ֆիլմի՝ «Արծաթե ծիրան» մրցանակին արժանանալը։
ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում Սահակյանցն ասաց, որ 9 տարի լինելով միության անդամ՝ վիրավորական է համարում մնալ մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը, քանի որ վերջինս է համարվում ֆիլմի ցուցադրության պատասխանատուն: Հարցին, թե արդյոք Սահակյանցը չի զրուցել Խաչատրյանի հետ և արդյոք վերջնական լուծումը միությունից հեռանալն էր, Սահակյանցն ասաց.
«Փաստ է, որ մրցանակը հանձնվեց այդ ֆիլմին և եթե Հարություն Խաչատրյանը չգտավ հնարավորություն, միջոցներ, կամք նման ֆիլմին, նման պամաններում մրցանակ չտալու համար, ապա խոսելը դառնում է անիմաստ»:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի վերաբերյալ աղմկահարույց քննարկումներին՝ Սահակյանցն ասաց, որ այլ խնդիրներ նույնպես տեսել է: Նա ընդգծեց, որ իր որոշման վրա ազդեցություն են ունեցել նաև օր օրի ստացվող ինֆորմացիաները, օրինակ, որ ցուցադրվել են թուրքական և ադրբեջանական ֆիլմեր:
«Շատ մեծ դեր ունեցավ նաև Հրանտ Մելիք- Շահնազարյանի հրապարկումը, որտեղ նա պատմում էր, թե ոնց է գնացել մի ֆիլմի դիտման, սակայն ցույց են տվել այլ ֆիլմ, որը հենց իմ որոշման պատճառը դարձած ֆիլմն է: Ընդհանուր, ինձ համար անընդունելի գծով էր գնում «Ոսկե ծիրանը» և վերջին կաթիլը եղավ առավոտյան ստացած լուրը, որ մրցանակ է ստացել տրանսգենդեր կնոջ մասին պատմող ֆիլմը»,- նշեց Սահակյանցը:
Իր խոսքում վերջինս ասաց, որ Կինեմատոգրաֆիստների միությունից որևէ արձագանք չի ստացել, առավոտյան քարտուղարուհուն է փոխանցել դիմումը և գրքույկները, հայտնել իր հեռանալու պատճառը և ասել, որ դրանք փոխանցեն Խաչատրյանին: