Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՔԿ նախագահի որոշմամբ՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: