Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի հյուսիսային ուղղությամբ։ Տիրող իրավիճակի ու զարգացումների մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։ 

«Գործողությունները սկսելու հրամանը տվեց Էրդողանը։ Տեղական ժամանակով 16։00-ին հայտարարեց, որ թուրքական զորքերը ռազմական գործողությունների են անցնում Սիրայի հյուսիս-արևելքում։ Երեկոյան ռմբակոծություններ են սկսել, բացի այդ 3 անցակետից ներխուժել են Սիրիա՝ ցամաքային գործողությունների համար։ Բախումներն այս պահին էլ շարունակվում են։ Սիրիայի կողմից էլ Թուրքիայի սահմանամերձ քաղաքներն են հրթիռակոծվել։ Զոհեր չկան, բայց կան վիրավորներ»,- նշեց թուրքագետը։ 

Ըստ Չաքրյանի՝ նման իրավիճակում անհասկանալի է Թրամփի դիրքորոշումը, քանի որ իրար հակասող հայտարարություններ է արել, նախ քննադատելով Թուրքիային, ապա ասելով, որ թուրքերը իրավունք ունեն իրենց սահմանները պաշտպանելու, թեպետ նման պահվածքը շատ էլ նման է Թրամփին:

 
 

«Աշխարհի մեծ տերությունները դատապարտում են Թուրքիայի արարքը։ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի դիրքորոշումն է տարօրինակ. մի կողմից հույս է հայտնում, որ Թուրքիան պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ հստակ չի արտահայտում՝ իրենք կողմ են, թե՞ դեմ են այս ամենին»,- զարմանքն է արտահայտում Չաքրյանը:

Թուրքագետը նշում է, որ Սիրիայի հարցում ամեն ինչ խիստ բարդ է․«Թրամփն ասում է, որ Թուրքիան իրավուք ունի պայքարելու սահմանամերձ շրջանի ահաբեկիչների դեմ իր երկրի անվտանգության համար, բայց եթե ահաբեկիչները Սիրիայի տարածքում են, նրանց դեմ պետք է պայքարի  երկրի օրինական իշխանությունը, ոչ թե Թուրքիան։ Թուրքիան իր տարածքում կարող է պայքարել ահաբեկիչների դեմ, ոչ թե մտնի Սիրիայի տարածք, ռազմական գործողություններ իրականացնի»,- ասում է թուրքագետը։ 

 

Չաքրյանը  նաև նշեց, որ Թուրքիային Թրամփը կարող էր սաստել մի հեռախոսազանգով, բայց երբ խոսքը մեծ տերությունների մասին է, ապա նրանցից ամեն ստորություն կարելի է ակնկալել։

Մեր այն հարցին, թե կարո՞ղ են հայ խաղաղապահները մասնակցել ռազմական գործողություներին, Չաքրյանը պատասխանեց, որ դժվար, քանի որ մեր խաղաղապահները տեղակայված են Իրաք-Սիրա սահմանին։ 

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին՝ մասնավորապես նշելով․ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում և փոքրամասնություններին, և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»։

 

 

 
3
 
STOPPED