Այս օրերին բուռն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռքբերված նոր՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենան։ Չնայած տնտեսական աճի ցուցանիշների ֆոնին' երկրում ստեղծված տխուր վիճակն ու վարչապետի գերթանկարժեք մեքենայի համար բյուջեից հատկացված գումարները համացանցում թոհուբոհ են առաջացրել։ Ավտոմեքենայի գնի վերաբերյալ տարատեսակ խոսակցությունները հստակեցնելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը Mercedes-Benz-ի հայաստանյան մասնաճյուղից փորձեց պարզել ավտոմեքենայի իրական արժեքը։
Այստեղից տեղեկացրին, որ Mercedes S 600 W222 մոդելի արժեքը սկսում է 220 000 եվրոյից, իսկ ամբողջապես զրահապատապված (FULL) ավտոմեքենան 700 000-800 000 եվրո է։ Ի դեպ, խոսքը 2018թ․ արտադրության մոդելի մասին է, այնինչ նշանակում է, որ 2019թ․ արտադրության ավտոմեքենան կգերազանցի նշված արժեքը։
Ընկերությունից չկարողացան նշել հենց 2019թ․ Mercedes S 600 W222 մոդելի արժեքը, քանի որ հաջորդ տարի թափքն է փոխում ու Հայաստանն այլևս այդ մոդելը չի պատվիրում։
Նկատենք՝ ավտոմեքենայի արժեքը միանշանակ չէ, այն կարող է տատանվել՝ կախված մեքենայի վրա ավելացված ճոխություններից ու օգտագործվածության աստիճանից։ Խոսակցություններ կան նաև, որ Փաշինյանը ավտոմեքենան ձեռք է բերել ոչ թե անմիջապես սրահից, այլ այն օգտագործված է եղել։
Նշենք, որ ավտոմեքենայի վերաբերյալ հստակ ինֆորմացիա իմանալու համար հարցում ենք ուղարկել կառավարություն, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։