Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք: Այդ մասին հոկտեմբերի 18-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը:
«Շատ նման է այն բանին, որ դրա պատճառը սպիտակ ֆոսֆորն է»,- ասել է փորձագետը, երբ նրանց ցուցադրել են լուսանկարներ, որտեղ պատկերված է 13-ամյա մի տղա՝ այրվածքներով, որոնք նա ստացել է Ռաս Էլ Այնի թուրքական ռմբակոծման ընթացքում: Տղայի հոր խոսքով՝ ավիահարվածը հասցվել է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը: Ներկայում երեխան բուժում է անցնում Հասեքե նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Թամերի շրջանի հիվանդանոցում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք է, որը կարելի է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»,- նշել է փորձագետը:
Սիրիացի քրդերը հոկտեմբերի 17-ին թուրքական բանակին մեղադրել են Ռաս Էլ Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ:
Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում է, թե հատկապես ինչ զենք է օգտագործվում թուրքական զորքերի կողմից: