Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Հայտնում է Ermenihaber-ը:
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին' պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
1.Հիմնադրամները և քաղաքական կուսակցությունները, երբ «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի շրջանակում չեն ներառվում, ապա ո՞ր իրավական հիմքով է արգելվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը:
2.Այս միջազգային գիտաժողովը, որը կայանալու էր Թուրքիայից և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, ո՞րն է այն փաստարկը, որ արգելվել է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում:
3.Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ մասնակիցներին, որ այդ միջազգային կոնֆերանսը, որի իրականացմանը ժամեր էին մնացել, առանց որևէ փաստարկ ներկայացվելու արգելվել է:
4.Ինչո՞ւ է ձեր կառավարությունը աջակցելու փոխարեն փորձում արգելել Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որով զարգացնում է երկխոսության, խաղաղության և ապրումակցումի մշակույթը:
5.Այս արգելման որոշումները կայացրել եք, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և ողջ շրջակայքում մինչև 100 տարի առաջ գոյություն ունեցող բազմամշակութայնության, տարածաշրջանում ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:
Նշենք, որ երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել էին և բոլոր բանախոսները թե՛ Թուրքիայից, և թե՛ աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ էին եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ: Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում: