Հոկտեմբերի 21-ին' Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի փակման արարողությանը շնորհակալագրեր են հանձնվել մեր մշակութային ժառանգության բարձր արժևորման և Եվրոպայի հետ մշակութային ինտեգրման միջոցառումների շարքում ներգրավված ՀՀ կազմակերպությունների' թանգարանների, գրադարանների ղեկավարներին:
Այս միջոցառմանը, սակայն, ՀՀ մշակութային «քաղաքական» ղեկավարությունից չի մասնակցել ոչ նախարարը, ոչ նրա' ոլորտի պատասխանատու, տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան): Մեր տեղեկությամբ' նախկինում ակտիվ հանրային, նույնիսկ հեղափոխական կեցվածքով աչքի ընկած փոխնախարարը պարբերաբար խուսափում է հանրային միջոցառումներին հրապարակավ ներկայանալուց: Տպավորություն կա, որ մի քանի անգամ նման միջոցառումներին և հարցազրույցների ժամանակ լեզվա-բովանդակային սայթաքումներով աչքի ընկնելուց հետո' տիկին Խաչատուրյանը գերադասում է ստվերում մնալ:
Հարց է, թե ինչու է նա նախապես պլանավորված ու հայտարարագրված միջոցառումը գլխավորելու հայտ ու հավակնություն ներկայացնում, ապա' հրաժարվում:
Նշենք, որ սեպտեմբերի 28-29-ին Հայաստանում անցկացվեցին Եվրոպական ժառանգության օրեր, որոնք այս տարի կրում էին «Արվեստ և ժամանց» խորագիրը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում։
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: