ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դեվին Նունյեսը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայ դատի հանձնախումբը Դեվին Նունյեսի կոչը տեղադրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին ՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է Նունյեսը:
Դեվին Նունյեսը 2015-ից 2019 թվականի հունվարը զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):