Let's start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ: Վիրահատությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում առաջին անգամն է իրականցվում: Ճապոնացի գիտնական, պրոֆեսոր Կազուհիրո Կավամուրան, ով Հայաստանում է գտնվում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հրավերով, մեր բժիշկների հետ իրականացնում են անպտղության վերացմանն ուղղված ձվարանների ֆունկցիայի վերականգնման վիրահատություն: Մեզ հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ հետաքրքված է վիրահատության այս մեթոդով, որը վերաբերում է այսօր չբուժվող անպտղության առանձնահատուկ դեպքին, երբ վաղաժամ դաշտանադադար է սկսվում 30-35 տարեկան կանաց մոտ: «Նման դեպքերում ձվարանների ֆունկցիան հանգում է: Այսպիսի խնդիր ունեն անպտղությամբ տառապող կանանց քսան տոկոսը, կամ պատկերավոր ասած յուրաքանչյուր 10 հազարերորդ կին տառապում է նման խնդրով: Վաղաժամ արտահայտված դաշտանադադրի սկսման սկզբնական փուլում մենք կարող ենք այդ կանանց օգնել»,-ասաց Համբարձումյանը: Կավամուրայի մեթոդը հետևյալն է` հյուսվածքներում գտնել ձվաբջիջ, այն կենդանացնելու և առողջացնելու համար: Ձվարանները հատուկ մշակվում են և տեղադրվում կրկին կնոջ օրգանիզմ: Դրանից հետո և՛ դաշտանի, և հորմոնների վիճակը լավանում է: Սա պայմաններ է ստեղծում արտամարմնային բեղնավորում անել, որովհետև այլ պարագայում այդ կանայք զրկված են նման հնարավորությունից: Վիրահատությունն ընթանում է լապորասկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 2-3 ժամ, բայց հետվիրահատական շրջանում, պետք է երկար, ընդհուպ մինչև 1 տարի բուժական պրոցեսներ կատարվեն: Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վիրահատվող կինը 35 տարեկան է, ինչպես նշեցին բժիշկները, նրա մոտ սկսվել է վաղ դաշտանադադար: