Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնում: ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով ՀՀՖ գործկոմի անդամների այն հայտարարությանը, որ Ֆեդերացիայի նախագահն առանց գործկոմի հաստատման չի կարող հավաքականի մարզիչ նշանակել, Վանեցյանն ասաց. «Տեղի է ունեցել իրավական կազուս: 2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի, այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»:
ՀՖՖ նախագահի խոսքով' բարձրացված աղմուկը ի սկզբանե եղել է տեխնիկական սխալի պատճառով: «Հաջողություններ եմ մաղթում Աբրահամ Խաշմանյանին և հույս ունեմ, որ նա իր ծանր աշխատանքով հաղթանակներ կբերի ընտրանուն։ Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ»,-ասել է Վանեցյանը: