Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:
Ըստ դատավճռի՝ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդություն, և նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանը կալանքի տակ էր գտնվում 1 ամիս 5 օր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գագիկ Հեբոյանը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելուց հետո քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:
Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց' դատավորը դիմել է իր փաստաբան Վահագն Դանիելյանի օգնությանը, ով մեղավոր ճանաչվեց կաշառքի միջնորդության մեջ: