Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո տասնյակից ավել պետական և աշխատանքային այցեր է կատարել ամենատարբեր ուղղություններով: Ընդդիմադիր պատգամավոր լինելով՝ Փաշինյանը անխնա քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանի գործուղումները, դրանք անվանելով «զրո արժեք տվող», քննադատում էր նաև ԱԳՆ աշխատանքը: Իսկ ի՞նչ են մեր երկրին տվել հեղափոխական վարչապետի արտասահմանյան այցերը: Փաշինյանը հասցրել է լինել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանում, Բրյուսելում, Իտալիայում, Բելգիայում, Տաջիկստանում, Սինգապուրում, Վիետնամում, Չինաստանում, Ղրղզստանում: Դիտարկենք այս այցերից ամենաուշագրավները՝ համեմատելով Սերժ Սարգսյանի նույն ուղղությամբ կատարված երբեմնի այցերի և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումների հետ:
 
Եվ այսպես, թերևս ՌԴ առումով այստեղ ամեն ինչ պարզ է՝ Փաշինյանը այնտեղ չի եղել պետական այցով և սրանով ամեն ինչ ասված է: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Ի տարբերություն Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո փաստենք, որ հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Փաշինյանի վարչապետությունից հետո նույնիսկ չի սկսել իրականացվել:
 
Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում կնքվել էին տասնյակ պայմանագրեր, ինչպես օրինակ` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքված այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում: Փաշինյանի այցը Պեկին նույնքան հագեցած չես անվանի: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Փաշինյանը նաև ներկա է գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը և գալա համերգին: Իհարկե, Փաշինյանը վարչապետության օրոք չեղարկվել է Երևանի և Պեկինի միջև վիզային ռեժիմը, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի և այդ ձեռքբերումը որևէ առնչություն չունի հեղափոխական թիմի կողմից կատարված աշխատանքների հետ:
 
ԱՄՆ մեկնել Փաշինյանը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստել, որ այնուամենայնիվ այցի արդյուքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Փաշինյանը իր հետ Հայաստան չէր բերել: Սակայն հաջողված չես համարի նաև Սերժ Սարգսյանի 2017 թվականի այցը ԱՄՆ, որի ընթացքում ամենա հիշարժան պահը թերևս հայ համայանքի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներն էին:
 
Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը քննադատության արժանացավ՝ Իտալիա կատարած անարդյունավետ այցի պատճառով: Հանրությանը այնքան էլ հասկանալի չէին այն նպատակները, որոնք ստիպել էին վարչապետին մի քանի օր անցկացնել այս երկրում: Սակայն, այստեղ էլ միանգամից հիշողության մեջ արթնանում է Սերժ Սարգսյանի 2015 թվականի այցը Իտալիա, որի ընթացքում Սարգսյանը հանդիպում էր ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (արարողակարգային, անարդյունք հանդիպում), Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո, վերջապես, Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին եւ հենց տեղում էլ «առանձնազրույց» է ունեցել հետն ու լուսանկարվել: Այսինքն` այս առումով Փաշինյանի և Սարգսյանի Իտալիա կատարած այցերի անարդյունավետությունը ակնհայտ է:
 
Թեև Փաշինյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, բազմիցս թիրախավորել էր Սարգսյանի զրո արդյունք տվող արտասահմանյան գործուղումները, տեսնում ենք, որ ինքը` Փաշինյանն, այս առումով ևս չի փայլում և ոչնչով չի զիջում Սարգսյանին…