2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափն ավելանալու է: Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։
 
Սակայն, ոչ բոլոր ապրանքների թանկացումներն են պայմանավորված ԵԱՏՄ մաքսատուրքերի բարձրացմամբ: Այս գործում իրենց լուման ունեն նաև օրվա իշխանությունները, որոնք, շատ լավ հասկանալով ընդունած քաղաքական որոշումների գինը, չեն էլ մտածել այլընտրանքներ գտնելու մասին և արդյունքում՝ այդ որոշումներն առաջին հերթին խփելու են հենց սոցիալապես անապահով խավի գրպանին:
 
Ակցիազային հարկի ավելացումը հանգեցրել է ակցիզային ապրանքների թանկացման , իսկ մեզ հայտնի է, որ այդ թանկացումները կրում են շղթայական բնույթ:
 
2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենքի այն դրույթը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում: Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս որոշման արդյունքում մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ: Այն, որ իշխանություններն այդպես էլ չորդեգրեցին հակամենաշնորհային հստակ ռազմավարություն, հանգեցրել է նրան, որ այսօր մենաշնորհային դիրք ունեցողները կրկին գնում են չհիմնավորված թանկացումների և այս դեպքում մեղավորը ոչ թե իշխանությունների գործողություններն են, այլ՝ անգործությունը: Եվ այս ամենն այն ֆոնին, որ իշխող քաղաքական ուժը չի կատարել այնպիսի քայլեր, որոնք էականորեն կմեղմեին երկրում առկա սոցիալական լարվածությունը կամ կթեթևացնեին քաղաքացիների սոցիալական բեռը…