Գյումրեցի գործարար, «Շեկո» մականունով հայտնի Գարիկ Ուզունյանին ու նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու համար։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ Գարիկ Ուզունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանին արված միջնորդությունը բավարարվել է:

«Գարիկ Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին և 5-րդ մասերի հատկանիշերով և նա կալանավորվել է։ Իսկ նույն գործով որպես կասկածյալ ներգրավված և ձերբակալված երկրորդ անձին՝ Զոհրաբ Եսիմսեյտովին, նույնպես առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշերով: Սակայն միջնորդություն ենք ներկայացրել դատարանին նաև երկրորդ անձի խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ»,- ասաց Շիրակի մարզի դատախազը։

վելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր նաև միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրիի բնակիչ է։

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր քննադատությունը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, նրա միջոցով սպառնացել են նաև իրեն։ Բանը հասել էր նրան, որ պատգամավորը դիմել էր ոստիկանություն։ Այնուհետև «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել, բերման էր ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, ապա ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

 

Սոնա Հարությունյան