Apple-ի նախկին աշխատակից Ջերարդ Ուիլյամսը որոշել է դատի տալ ընկերությանը՝ գաղտնիության խախտման համար: Մասնավորապես, Ուիլյամսի հայցում ասվում է նրա հեռախոսազանգերի գաղտնալսման մասին, հայտնում է The Next Web-ը:
Դատական փաստաթղթում, որը հասանելի է դարձել լրագրողներին, Ուիլյամսի փաստաբանները հայտարարել են, որ Apple-ը լրտեսել է նրան: Ընկերությունն, իբր, գաղտնալսել է նրա հեռախոսային խոսակցությունները և կարդացել է SMS հաղորդագրությունները: Ուիլյամսի ներկայացուցիչները նշել են, որ գործատուն տվյալներ է հավաքել՝ մասնագետի վրա ճնշման լծակներ ունենալու համար: «Apple-ը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ իր աշխատակիցները համաձայնություն են տվել իրենց տեքստային հաղորդագրությունները ֆիքսելու համար»,- նշվում է դատական հայցում: Իր հերթին, Ջերարդ Ուիլյամսի փաստաբանները նույնպես լրտեսման վերաբերյալ որևէ կոնկետ ապացույց չեն ներկայացրել:
Apple-ի նախկին աշխատակցի հայտարարությունը այս տարվա ապրիլին ընկերության կողմից ներկայացրած դատական հայցի պատասխանն է: Դրա մեջ Apple-ը հայտարարել է, որ նախկին ինժեներ Ուիլյամսը օգտագործել է կորպորացիայի նվաճումները՝ պրոցեսորների արտադրության սեփական ընկերությունը ստեղծելու համար և տարել է իր աշխատակիցներին: Հայցում նշվում է նաև, որ փետրվարին Ուիլյամսը հիմնել է մրցակից Nuvia չիպեր արտադրող ընկերությունը, ինչով խախտել է մտավոր սեփականության մասին պայմանագիրը: