«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել դեպի Իրան չվերթները:
Այս մասին հունվարի 8-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
«Որոշում է կայացվել անորոշ ժամանակով կասեցնել չվերթները դեպի Իրան»,- նշել է նա:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Թեհրանում կործանված օդանավը վերջին տեխզննումն անցել է հունվարի 6-ին, որի ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվել:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս: